2017/07/02

Չտես նորաձևություն


Ամեն մեկը յուրովի է ընկալում բարոյականություն ասածը, մարդ կա այն միայն մարմնականի մեջ է տեսնում, մարդ կա՝ նաև տեսնում է հոգու և մտքի մեջ, և մարդ էլ կա ձգտում է բարոյական համարվել դիմացինի կողմից, իսկ իրականում թաքուն գնալ ամեն տեսակ արարքի սեփական ցանկությանը հասնելու համար։
Չգիտեմ թե այս տեսակներից որոնք են ավելի նախընտրելի, բայց այդ տեսակների մասին չէ որ այժմ կուզենայի խոսել, այլ այն տեսակի մասին որոնք ձգտում ենք քայլել ժամանակի ճանապարհով, որքան էլ, որ այն ձախ ընթանա ու բեկումնային լինի վատ առումով։
Մենք սիրում ենք լսել Եվրոպական դուդուկը ու պարել վերջինիս հնչյուններով, իսկ երբևե մտածում ենք, կամ հասկանում ենք թե ինչեր ենք կորցնում, որոնք վայել են հային և հայուհուն, ու որոնք նաև պահել են հայությունն ու հայկականությունը։
Ինչը համարվում է այսօր արտերկրում նորաձև կամ հաճախ ինչպես ասում ենք "մոդա" մենք դա կիրառում ենք, հաճախ դրանցով իսկ ձեռ առնելով մեր պապական ավանդույթներին, այն ավանդույթներին որոնց շորհիվ մենք մեր ազգայինը պահել և ապրել ենք հազարամյակներ, իսկ այսօր ծաղրում ենք այն ու գնում մի վայր, որը մեզ համար «բարձր լեռ» է երևում․ 
իրականում «խորը ձոր» լինելով։ Մի ձոր, որը մեզ տանում է, անգամ գլորում դեպի անդունդ, որտեղից բարձրանալը կրկնակի դժվար է մեզ համար։ 
Ես մի հայորդի եմ, որը կարող է ժամանակակիցների կողմից հետամնաց ընկալվել, անգամ ազգայնամոլ մի ծայրահեղական, սակայն հայրենասեր լինելը դա ծայրահեղականություն չէ, թեպետ բոլորն են այժմ իրենց համարում հայրենասեր,գնալ այնտեղ որտեղ պետք է ծափ, պետք է նաև մի բան, որը 
վերջերս ծափից ավելի անհրաժեշտ է և օդի ջրի պես հարկավոր «հային»՝ «լայք», այ սրանք են մեր ներկայիս հայրենասերների մի մասի ձգտումն ու նպատակը, այլ ոչ թե հայրենիքն ու ազգը, հայրենականն ու ազգայինը, ինչ փույթ թե այդ հայրենասիրությունից հայի դիմագիծը կպատվի երեսը լղող և վհուկի նմանեցնող դիմակով։ Հաճախ սկսում եմ մտածել, որ գուցե ճիշտ են մեծերը, այդ տարբեր քսուկներին գաճ անվանելու հարցում, հաճախ նաև մտածում եմ թե սխալվում են, քանզի ջաճը շինարարության մեջ օգտագործվող կարևոր նյութ է իսկ այ մարմնի «գաճը» գուցե ձգում և երիտասարդացնում է աղջկան, բայց դրան զուգահեռ նաև վերջինիս դարձնում ոչ թե մարդ կամ մարմին, այլ քիմիական միացություն որին դիպչել անգամ ափսոսում ենք քանզի ողջ տեսքը կորում է։ Այս հարցում տղաները միշտ էլ մեղադրում են հայուհիներին և ափսոսում որ իսկական հայուհին այսօր փոքրամասնություն է Հայաստանում, բայց սխալ չի լինի նշել որ այդ հարցում մեղավոր է նաև հայորդին, որ իր քրոջը, իր շրջապատի աղջիկներին արգելքներ դնելու փոխարեն, դեռ մի բան էլ ինքն է տարվել օտարածին նորարարություններով, թեկուզ նաև վերջերս նորաձև դարձած չսափրվող տղաների օրինակն է, ինչ օրինակ են նրանք այսօր աշխարհին, մակերեսորեն նայելով նորաձևության, սակայն խորը նայելով կարող ենք ասել որ նրանք ալարկոտության, հակահիգենիկ վիճակի պայծառ դրսևորումներ են։
Հայ աղջիկները դպրոց գնալու տարիքից արդեն տրվում են նորաձևության, անգամ այնքան ժամանակ են հատկացնում շպարին, որ մոռանում են սերտել ոչ միայն դպրոցական դասերը, այլ նաև իրենց ծնողների դաստիարակչական դպրոցի դասերը, առանց որի բարոյական դիմագիծը չկորցնելը ուղղակի անհնար է։ 
Հագուստներ որոնց նայելիս թվում է թե ավելի լավ կլիներ չլինեին, սանրվածքներ որոնց նայելով հաճախ (անգամ աղջկա դեպքում) գերադասելի է թվում ճաղատությունը։ Եվ ուր ենք գնում այսպես, ով իմանա։
Բարձրանում ենք թե իջնում, բարիանում ենք թե չարանում չգիտենք, բայց մի բան կա որը անհերքելի է, մեծերից եկած ավանդույթները չպահպանողը, իրենը ստեղծել և պահպանել ուղղակի անկարող է, ստեղծել գուցե կարողանա, բայց հետագայում ինքը կուզենա դա քանդել, քանզի ստեղծածը նման չէ ոչ իրեն, ոչ էլ այն ավանդույթներին որոնց մասին ծնողներից է լսել, որոնց կարոտում է, բայց չի արտահայտվում հետամնաց չերևալու համար։
Եվ առհասարակ կարծես այսօր ամեն բան է արվում հետամնաց չերևալու համար։ Եվ դա ոչ թե ժամանակակից է այլ չտեսության մեծագույն դրսևորում։

2017/07/01

Ցածր բարձունք




Քեզ թե անգամ կարոտեմ,
Այդ կարոտս կխեղդեմ,
Այնպես որ էլ երբևե,
Քո աչքից չկախարդվեմ։

Դու մտածիր, թե տանջվում եմ,
Բայց և արի, որ համոզվես.
Նոր բախտիցս հրճվում եմ,
Ինչքան էլ, որ դու դա չուզես։

Դու կարծիր քեզ անհաս բարձունք,
Բայց և արի, որ համոզվես.
Քեզ նայելիս կռանում եմ,
Որ գոնե աչքերիս նայես։

2017/06/30

Երազից հեռու




Քեզ երբեք էլ  ման չեմ եկել,
Չեմ որոնել քո նմանին,
Երազումս չէիր եկել,
Բայց ես քեզ գտա իմ անգին։

Եվ դու անգամ թե չիմանաս,
Թե քեզ չասեմ, որ հիմա
Քո ապրելու տեղն իմ սիրտն է,
Թե չասեմ էլ այնտեղ մնա.
Մեկ է իմ մեջ մնալու ես,
Ապրելու ես իմ մեջ միայն,
Քանզի ուրիշ այլ սրտի մեջ,
Չես ունենա տարածք այսքան։

Ես քո ձայնը քիչ եմ լսել,
Լսածս էլ չեմ հիշում,
Աչքերիդ մեջ քիչ եմ նայել,
Հայացքդ էլ չեմ հիշում,
Բայց գերել է քո անշուք
Ու փոքրիկ ներկայությունը,
Եվ հետո կորցրեցի ինձ,
Երբ որ իմացա անունդ։

Ու հիմա էլ ոնց տարբերեմ
Քեզ ու երազանքն իրարից,
Թեպետ միշտ հեռու ես եղել,
Իմ երազկոտ երազներից։

Ես քեզ երբեք ման չեմ եկել,
Չեմ որոնել քո նմանին,
Երազումս չէիր եկել,
Բայց դե քեզ գտա իմ անգին։