Показаны сообщения с ярлыком իրական երազներում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком իրական երազներում. Показать все сообщения

2017/10/01

Երգը Կիսամեռ


Բախտի շռայլության դիմաց
Տվել եմ վատնած ժամեր,
Ինձ մի մաշված թուխտ մնաց,
Ու մի հին երգ՝ կիսամեռ։
Որ հոգեվարքի պահին
Ինձ գրել է աղաչում,
Իսկ ես լսելու տեղը
Ականջներս եմ փակում։
Բայց չի օգնի, ձայնը այդ
Լսվելու է անդադար,
Պետք է մտածեմ անշուշտ
Մեռնող երգիս մի ավարտ։ Եվ դո՛ւ մուսա, որ հաճախ
Վախկոտի պես փախչում ես,
Գոնե մնա այս անգամ,
Մինչև որ ավարտեմ ես։
 Ինձ մի մաշված թուխտ մնաց,
Ու մի հին երգ կիսամեռ,
Որ գոչում են անդադար․
<<Իրավունք չունես լռել>>։․․․

2017/07/13

Լռության ձայնը




Լռությունը խոսեց էլի,
Իսկ դուք գիտե՞ք ինչ է լինում,
Երբ նա երկար լռությունից
Ձանձրանում է ու խոսք ասում։

Թե չգիտեք․ հիմա կասեմ,
Որ իմանաք ինչն է փոխվում,
Թե ինչպես է ողջ աշխարհը
Ալյուրի պես մանր մաղվում,
Թե միայն մաղվելը լիներ՝
Կասեի․ «ոչինչ մաքրանում է...»,
Բայց նա մաղվելու հետ մեկտեղ
Քաշը կորցնում, մանրանում է։

Մենք չենք լսում խոսքը նրա,
Էլ ուր մնաց տանք պատասխան,
Միայն գիտենք, որ խոսում է,
Իսկ խոսքին իր չկա սահման։

Ու այդ խոսքը, որ ձայն չունի,
loading...
Քանի ձայն է անդունդ գցել,
Լռությունը բերան չունի,
Բայց քանի բերան է փակել։

Լռությունը խոսեց էլի,
Իսկ դուք գիտե՞ք ինչ է լինում,
Երբ նա երկար լռությունից
Ձանձրանում է ու խոսք ասում։

Նախորդ դարի գրքերը




Կարդալով նախորդ դարի գրքերը,
Գալիս է զգացում, որ ես եմ գրել,
Որ ես եմ նրանց ստեղծողն ու  տերը,
Որ նրանց ձայնից իմ վիզն են կտրել։

Գալիս է զգացում, որ ես եմ նրանց
Գիշերը արթուն արարել, ստեղծել,
Եվ հետո հանձնել ականջին մարդկանց,
Ու հետո նրանց սիրտը նվաճել։

Ախ հին գրքերն այդ՝ հոգուս հարազատ,
Կարծես դարձրել են տուժողը իրենց,
Ասես նրանցո՛վ սիրտս հուսահատ,
Սիրելու մասին հավիտյան լռեց։

loading...


Կարդալով նախորդ դարի գրքերը,
Գալիս է զգացում, որ հերոսն եմ ես,
Այն հերոսը, որ կամ սիրուց մեռավ,
Կամ ձեռքի սրով սերը ապրեցրեց։

Գալիս է զգացում որ Մախլուտոն եմ,
Ով ոտքի ելավ կանչով ռանչպարի,
Կամ քաջ ֆիդայի Արծիվ Պետոն եմ,
Նայում եմ քարոտ իմ ճանապարհին։

Նայում եմ քարոտ իմ ճանապարհին,
Որ գրքից գիրք է ինձ տեղափոխում,
Բայց անցած դարի հին գրքերի մեջ,
Ես նորովի եմ իմ հինը գրում։

Կարդալով նախորդ դարի գրքերը,
Գալիս է զգացում, որ ես եմ գրել,
Որ ես եմ նրանց ստեղծողն ու  տերը,
Որ նրանց ձայնից իմ վիզն են կտրել։

2017/07/10

Վալս




Ինչ որ հին ձայն եմ լսում,
Այս ջութակի նոտաներում,
Որը հին է տարիքիցս,
Բայց հասակակից է թվում։

Կարծես իր հետ եմ ծնվել,
Մանկուց իր հետ եմ ապրում,
Ասես․ երաժիշտը ինձ հետ
Հիմա այդ երգն է արարում։

Ի՞նչ է ասում ջութակն այս՝
Նուրբ ձեռքերում նվագողի,
Գուցե ափսոսում է ինձ պես,
Կամ շշնջում գաղտնագողի։

Լուսնի ականջին շշնջում,
Լույս է ուզում ավելի,
Որ  երեկոն այս հրաշք
Ավելի երկար տևի։

Հավաքվեն սիրահարները
Ու վալս պարեն անդադար,
Եվ սերը իրենց ապրի
Երաժշտության պես երկար։

Այն երաշտության, որը
Կարծես ես եմ արարել,
Ու երանի տողերս
Իմանային նվագել։

Թեպետ հաճախ նվագում են,
Ու երգում են ինչ որ երգ,
Որը կարծես չեմ լսել,
Որով չեմ ապրել երբեք։

Բայց ինչքան էլ նվագեմ,
Այդ հին երգը չեմ գրի,
Որը իմ ականջի մեջ
Երբեք չպիտի լռի։

2017/07/01

Ցածր բարձունք




Քեզ թե անգամ կարոտեմ,
Այդ կարոտս կխեղդեմ,
Այնպես որ էլ երբևե,
Քո աչքից չկախարդվեմ։

Դու մտածիր, թե տանջվում եմ,
Բայց և արի, որ համոզվես.
Նոր բախտիցս հրճվում եմ,
Ինչքան էլ, որ դու դա չուզես։

Դու կարծիր քեզ անհաս բարձունք,
Բայց և արի, որ համոզվես.
Քեզ նայելիս կռանում եմ,
Որ գոնե աչքերիս նայես։

2017/06/30

Երազից հեռու




Քեզ երբեք էլ  ման չեմ եկել,
Չեմ որոնել քո նմանին,
Երազումս չէիր եկել,
Բայց ես քեզ գտա իմ անգին։

Եվ դու անգամ թե չիմանաս,
Թե քեզ չասեմ, որ հիմա
Քո ապրելու տեղն իմ սիրտն է,
Թե չասեմ էլ այնտեղ մնա.
Մեկ է իմ մեջ մնալու ես,
Ապրելու ես իմ մեջ միայն,
Քանզի ուրիշ այլ սրտի մեջ,
Չես ունենա տարածք այսքան։

Ես քո ձայնը քիչ եմ լսել,
Լսածս էլ չեմ հիշում,
Աչքերիդ մեջ քիչ եմ նայել,
Հայացքդ էլ չեմ հիշում,
Բայց գերել է քո անշուք
Ու փոքրիկ ներկայությունը,
Եվ հետո կորցրեցի ինձ,
Երբ որ իմացա անունդ։

Ու հիմա էլ ոնց տարբերեմ
Քեզ ու երազանքն իրարից,
Թեպետ միշտ հեռու ես եղել,
Իմ երազկոտ երազներից։

Ես քեզ երբեք ման չեմ եկել,
Չեմ որոնել քո նմանին,
Երազումս չէիր եկել,
Բայց դե քեզ գտա իմ անգին։