2017/07/01

Ցածր բարձունք




Քեզ թե անգամ կարոտեմ,
Այդ կարոտս կխեղդեմ,
Այնպես որ էլ երբևե,
Քո աչքից չկախարդվեմ։

Դու մտածիր, թե տանջվում եմ,
Բայց և արի, որ համոզվես.
Նոր բախտիցս հրճվում եմ,
Ինչքան էլ, որ դու դա չուզես։

Դու կարծիր քեզ անհաս բարձունք,
Բայց և արի, որ համոզվես.
Քեզ նայելիս կռանում եմ,
Որ գոնե աչքերիս նայես։

2017/06/30

Երազից հեռու




Քեզ երբեք էլ  ման չեմ եկել,
Չեմ որոնել քո նմանին,
Երազումս չէիր եկել,
Բայց ես քեզ գտա իմ անգին։

Եվ դու անգամ թե չիմանաս,
Թե քեզ չասեմ, որ հիմա
Քո ապրելու տեղն իմ սիրտն է,
Թե չասեմ էլ այնտեղ մնա.
Մեկ է իմ մեջ մնալու ես,
Ապրելու ես իմ մեջ միայն,
Քանզի ուրիշ այլ սրտի մեջ,
Չես ունենա տարածք այսքան։

Ես քո ձայնը քիչ եմ լսել,
Լսածս էլ չեմ հիշում,
Աչքերիդ մեջ քիչ եմ նայել,
Հայացքդ էլ չեմ հիշում,
Բայց գերել է քո անշուք
Ու փոքրիկ ներկայությունը,
Եվ հետո կորցրեցի ինձ,
Երբ որ իմացա անունդ։

Ու հիմա էլ ոնց տարբերեմ
Քեզ ու երազանքն իրարից,
Թեպետ միշտ հեռու ես եղել,
Իմ երազկոտ երազներից։

Ես քեզ երբեք ման չեմ եկել,
Չեմ որոնել քո նմանին,
Երազումս չէիր եկել,
Բայց դե քեզ գտա իմ անգին։

2017/06/10

Դեռ չգտած քեզ կորցրեցի




Ամեն երեկո գործից տուն գնալու ժամանակ, տարբեր մտքերով զբաղված քայլում էի Արմավիրի փողոցներով։ Եվ գրեթե ամեն  օր տեսնում էի քեզ, մի փոքրիկ աղջնակի հետ քայլելիս։ Երբ տեսնում էի կողքիդ փոքրիկին միշտ քեզ երանի էի տալիս մտքումս ասելով. "Երանի քեզ, որ այս հրաշք պուճուր քույրիկին ունես"։ Այնպես չէր որ միայն փոքրիկով էի հիանում, քեզանով էլ էի հիացած, նայելով հայացքիդ ամեն անգամ սրտիս հետ ինչ որ բան էր կատարվում, բայց թե ի՞նչ՝ չգիտեի։ Չգիտեի, բայց հետո հասկացա որ սիրահարված եմ։ Հասկացա, որ էլի ու էլի պիտի քեզ տեսնեմ, էլի պիտի հիանամ։ Զարմանալին այն էր, որ այն օրը երբ չէի տեսնում քեզ, տեսնում էի երազումս։ Դու կարծես դարձել էիր այն զարկը, որով բաբախում էր սիրտս, չէի  ճանաչում քեզ, ու չէի մոտենում, միայն անցնում էի կողքովդ՝ երկար նայելով աչքերիդ ։
Եկավ մի օր, որ որոշեցի քեզ հետևեմ ու տեսնեմ. որտեղ ես ապրում, ինչպես որ կանի ցանկացած հայ երիտասարդ։ Այդ օրը ես քայլում էի կոնկրետ մի նպատակով` քո հետևից քայլել։ Եվ ահա հեռվից երևացիր դու` այդ փոքրիկ աղջնակի հետ, ես սկսեցի քայլել քո հետևից, ու հանկարծ կատարվեց մի բան, որը ինձ կստիպեր փոխել ճանապարհս, ես որոշել էի ամեն դեպքում հետևել, սակայն երբ դա կատարվեց ես ինքս հրաժարվեցի ոչ միայն այդ պահին այլ նաև ընդմիշտ քեզ ոչ միայն չհետևել, այլ նաև մոռանալ քո մասին։ Դա պատահար կամ դեպք չէր, այլ պարզապես մեկ նախադասություն՝ այդ աղջնակի բերանից հնչած. <<Ծառավ եմ,  էլ չեմ դիմանում, շա՞տ կա՝ տուն հասնենք մամ>> Ու այդ նախադասությունը վերջ տվեց ամեն ինչին։
Առանց քեզ տեսնելու, խոսելու, ձայնդ լսելու ու ինչու ոչ նաև  կռվելու հետդ, դեռ չգտած կորցրեցի քեզ։

2017/06/05

Սիրահարբած․․․




Սիրահարվել չեմ ուզում,
Ուզում եմ սիրահարբել,
Գինարբուքի սեղանում
Վիշտս խմիչքով սրբել։

Ուզում եմ լռել միայն,
Նրան ոչ մի բան չասել,
Թեկուզ վրաս բարկացող
Բայց շոյող ձայնը լսել։

Սիրահարվել չեմ ուզում,
Ուզում եմ սիրահարել,
Իմ սառը նայվացքներով
Մի քիչ էլ նրան տանջել։

Ուզում եմ զգալ միայն
Ներկայությունն իր սաստող,
Որն ինձ ոչինչ չի անում,
Բայց միշտ մնում է ազդող։

Սիրահարբել չեմ ուզում,
Ուզում եմ սիրտս փակել,
Ես սիրարբուք եմ ուզում,
Պետք է ինձ վշտից զրկել։

Աներևույթ այն վշտից,
Որ դեմքիս բերեց ծիծաղ,
Իսկ հոգուս անկյուներում
Ես քայքայվում եմ դանդաղ։

Սիրահարվել չեմ ուզում,
Ուզում եմ սիրահարբել,
Բայց գինարբուք ինձ պետք չէ՝
Կարող եմ վիշտս սրբել։

2017/06/02

Հիշենք ու մոռանանք




Արի մեկ անգամ հիշենք,
Հետո՝ ընդմիշտ մոռանանք․
Թե այս պահին ինչ ունենք,
Թե կյանքում ինչ չունեցանք։

Ինձ բերեցիր քո ճամփա,
Դու քո ճամփից գնացիր,
Հիմա այդ ճանապարհով՝
Արգելում եմ, մի անցիր։

Մոռացիր ճանապարհը,
Այնտեղ շատ քարքարոտ է,
Այնտեղի իշխողը միակ,
Մեզ միացնող կարոտն է։

Իսկ ինձ երբևէ պետք չէ,
Այդ շատ թույլ միացումը,
Որից հետո գալու է
Միմիայն բաժանումը։

Արի մեկ անգամ հիշենք,
Հետո՝ ընդմիշտ մոռանանք․
Թե այս պահին ինչ ունենք,
Թե կյանքում ինչ չունեցանք։

2017/06/01

Մեկ է կերդվեն




Կա մի զգացմունք, որի շնորհիվ
Լույս են առաքում սրտերն աշխարհին,
Այդ զգացմունքը սեր ենք անվանում,
Բայց խոստովանել չենք համարձակվում։

Փորձում ենք նրան տալ տարբեր անուն,
Երբեմն նրան հեռու ենք վանում,
Բայց չի հեռանա ինչ էլ պատահի,
Թե պատահի էլ սարսափի, ահի
Մեկ է երբևէ ծնկի չի գալու,
Նրա մեջ գենն է ընդմիշտ հաղթելու։

Սիրո աշխարհը խայտաբղետ է,
Սիրուն տրվելը խոսելուց հեշտ է,
Սիրուն փորձել են հանել կախաղան,
Փորձել են հաճախ նրա հետ խաղալ,
Տանջել են նրան ու անգամ վառել,
Բայց փյունիկի պես միշտ վեր է հառնել։

Նա քեզ կտանի միայն մի ճամփով․
Ուր հանդիպել եք հաճախ երկուսով,
Սիրո անունը տարբեր է հնչում,
Սիրով բոլորն են ապրում ու շնչում,
Սիրուն շատերն են ոտնատակ անում,
Սիրո հետ հաճախ կատակ են անում,
Բայց կատակ բան չէ․ պետք է լուրջ նայել,
Այդ զգացմունքը պետք չէ խնայել։

Պետք է նվիրվել նրան ողջ սրտով,
Թե պետք է՝ դատվել այդ շքեղ դատով։

Բայց ի գիտություն այդ դահիճներին,
Սիրուն կախաղան բարձրացնողներին,
Ով ինչ էլ փորձի սիրո հետ անել,
Ինչքան էլ սիրուն փորձեն սպանել,
Սերը ծնված է, որ վրաերթվի,
Հետո իրենով աշխարհը երդվի։

2017/05/14

հոգուն գույն պետք չէ




Ներկերիս գունապնակում
Յուրովի է ամեն մի գույն
Ու նրանցից ամեն մեկը
Ինչ-որ բան է նշանակում:
Լուսավոր մի գույն կա այնտեղ
Դա իհարկե սպիտակ գույնն է
Ոչ թե սևն ու մոխրագույնը
Որոնք վախի ու սարսափի
Կամ էլ ցավի, տառապանքի 
Արտահայտումն են ինչ-որ տեղ:
Կապույտ գույնը` խաղաղության
Դեղին գույնը ու կանաչը
Գույնն են ասես ուրախության
Վարդագույնը մեր բարության
Իսկ որտեղ է սիրո գույնը
Կամ էլ գույնը մեր ժպիտի
Այն անգույն է մի պատճառով
Որ զգում են հոգու ձայնով:

Կրակը թացից է մեռնում




Կրակը կաթում է ջրի պես,
Կրակը լավա է՝ հրաբուխ,
Կրակը կտրում է սրի պես,
Զենք է այն՝ դաժան արնախում։

Կրակը անսիրտ է, դաժան է,
Ժանիք է՝ ածելու նման սուր,
Նա երկյուղ ասածը չգիտե,
Ոչ ոքի երբևե չի խղճում։

Արդարի ձեռքերում նա ջերմ է,
Բայց զենք է ձեռքերում ստորի,
Կրակը անզգույշի մեղքն է
Տնվորին դարձնում է անտունի

Նա ունի մեկ ճամփա գնալու՝
Որտեղ որ չոր փայտ է երևում,
Ոնց շունը կգտնի ոսկորին․
Նա փայտին հոտով է գտնում։

Կրակը ատում է ջրերին,
Փախչում է ջրից շատ հեռու,
Կրակի երազանքը չոր է,
Կրակը թացից է մեռնում։

Աներևույթ ցուցահանդես




Ես սովորեցի վերջապես հոգնել,
Դուք սովորեցրիք ինձ հոգնել, մարդի՛կ,
Երբ որ բախվեցի ձեր գորշ մտքերին,
Զգացի ձեզնից հոգնելու կարիք։

Ես էլ չեմ կարող ապրել այն վայրում,
Ուր ամեն ինչն է տեսնելու համար,
Ամենն անում են որ մարդիկ տեսնեն,
Ոչինչ չի արվում վայելքի համար։

Ցուցամոլության զոհն են բոլորը,
Բոլորը կտավ՝ ցուցահանդեսի,
Ամեն մի շարժում արվում է հանուն
Հասարակության հանդիսատեսի։

Ես էլ չեմ կարող այսպես մաքառել,
Մաքառել ընդդեմ պճնամոլության,
Որի մեջ չկա խաղ ու ջերմություն,
Որտեղ գերին են մարդիկ սառնության։

Բոլորն ասում են․ <<տեսեք ես ունեմ>>,
Ոչ թե՝ <<ինչ լավ է, որ ես ունեմ սա>>,
Ու իսկապես համոզվեցի, որ
Կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան։

Կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան․․․
Հանդիսատեսը, բայց չի խաբնվում,
Սակայն մարդիկ ամեն մի վայրկյան,
Ամեն առիթով խաբված են կյանքում։

Կրկնակի խաբկանք




Նա ասում է․ թե գրող է,
Դուք բոլորդ հավատում եք։
Նա ասում է թե կարող է,
Ու միշտ նրան վստահում եք։

Նրա ուժին հավատալով
Իր ուսերին եք հենվում,
Մաքրությանը հավատալով
Իր ամանից եք սնվում։

Ու մի օր էլ երբ խաբվում եք,
Երբ պատռում եք դիմակը իր,
Արդարացմանն եք հավատում
Ու նրան մտցնում ձեր սիրտ։

2017/04/20

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ




Երբ քայլում եմ Լուկաշինի փողոցներով լուսե,
Ողջ գյուղը թոնիր է դառնում իմ աչքերում կարծես,
Լավաշի հոտը գրկում է դուռ ու պատուհան,
Հավաքվում են երեկոյան մոտիկ, հարևան:

Հավաքվում են ու քննարկում լուրերն <<Հորիզոնի>>
Ու հոգոցով ասում են թե. «վերջը ոնց կլինի․․․
Մենք էլի այս հողերի հետ կմտնենք զրույցի,
Բայց մեր Էրգրի հողի հարցը, ախր ո՞վ կլուծի։

Մեր դաշտերը կմշակենք, կանենք մերը անշուշտ,
Միայն թե մեր վրա երբեք չկրակեն փամփուշտ,
Գյուղացի ենք ու այս երկրին չենք թողելու սոված,
Կանենք, քանզի մեր երդումին վկա է տեր աստված։»

Երբ որ դաշտից երեկոյան հովիվներն են գալիս,
Շների հաչոցը բարձր արձագանք է տալիս,
Օ՜ հո՜, օ՜ հո՜, ձայն են տալիս հովիվները հոգնած,
Ամբողջ օրը արևի տակ տանջված ու տքնած։

Ու երբ որ, այս երբերն արդեն միանում են իմ մեջ,
Տառերս տողեր են դառնում, իսկ տողերս էլ՝ էջ,
Թնդում է քո ձայնը սուրբ, աղոթքների նման,
Անժողովուրդ մարդը կյանքում ոչնչի է  նման։


2017/04/19

ՑՆՈՐՔՆԵՐՈՒՄ




Ամեն ինչի համար կյանքում
Կա ընդունված ճիշտ ժամանակ,
Բայց դեռ կյանքիդ ժամերի մեջ
Դու ուշանում ես շարունակ։

Ճանապարհիդ ինչ պատահի
Խորանում ես մանրակրկիտ,
Ամեն ինչին էլ նայում ես,
Բայց ոչ երբեք՝ ճանապարհիդ։

Կտրված ես այս աշխարհից
Ու երազում ես անդադար,
Ցնորվել ես, միտքդ կորցրել,
Խելագար ես լիակատար։

Ուղեղումդ հազար միտք կա,
Հազար հոգս է քեզ պարուրել,
Կարծում ես թե լուծում չկա,
Թեպետ ոչինչ էլ չես արել։

Հիմա էլ ում ժպիտին են
Քո խոսքերը սպասում անշտապ,
Հիմա կրկին չես շտապում
Ու երազում ես անտագնապ։

Այդպես․ կյանքիդ ժամերի մեջ
Դու ուշանում ես շարունակ,
Բայց կա ամեն ինչի համար
Մեկ ընդունված ճիշտ ժամանակ։

2017/04/14

ԱՆՄԱՀՆԵՐՆ ԱԶԳԻՍ...



Տարիներն այսպես կգա՜ն ու կերթան,
Բայց դու՛ իմ զինվոր տուն չես գա էլի,
Կորուստդ ազգիդ հոգին կմաշի,
Բայց... իմ քաջ զինվոր չես գա ետ էլի:
Մայրդ կարոտած, նկարիդ կասի.
-Իմ հերո՜ս բալա, ժամն է տուն արի:
Հայրդ՝ ճերմակած, դարդից չորացած,
Արցունքն է աչքին թաքցնում հիմա:
Ազգդ՝ դառնացավ, հոգին քարացավ,
Քո թողած բացից, մայրդ կուրացավ:
Զինվո՜ր տուն արի
Տունդ՝ քար դարձավ,
Հողը քեզ գրկեց,
Ու քեզ մայր դարձավ:
***
Կգա ժամանակ երկնքից կիջնես,
Կասես.
-Մամա ջան տես եկել եմ ես...
Անահիտ Շահինյան