2017/07/13

Լռության ձայնը




Լռությունը խոսեց էլի,
Իսկ դուք գիտե՞ք ինչ է լինում,
Երբ նա երկար լռությունից
Ձանձրանում է ու խոսք ասում։

Թե չգիտեք․ հիմա կասեմ,
Որ իմանաք ինչն է փոխվում,
Թե ինչպես է ողջ աշխարհը
Ալյուրի պես մանր մաղվում,
Թե միայն մաղվելը լիներ՝
Կասեի․ «ոչինչ մաքրանում է...»,
Բայց նա մաղվելու հետ մեկտեղ
Քաշը կորցնում, մանրանում է։

Մենք չենք լսում խոսքը նրա,
Էլ ուր մնաց տանք պատասխան,
Միայն գիտենք, որ խոսում է,
Իսկ խոսքին իր չկա սահման։

Ու այդ խոսքը, որ ձայն չունի,
loading...
Քանի ձայն է անդունդ գցել,
Լռությունը բերան չունի,
Բայց քանի բերան է փակել։

Լռությունը խոսեց էլի,
Իսկ դուք գիտե՞ք ինչ է լինում,
Երբ նա երկար լռությունից
Ձանձրանում է ու խոսք ասում։

Նախորդ դարի գրքերը




Կարդալով նախորդ դարի գրքերը,
Գալիս է զգացում, որ ես եմ գրել,
Որ ես եմ նրանց ստեղծողն ու  տերը,
Որ նրանց ձայնից իմ վիզն են կտրել։

Գալիս է զգացում, որ ես եմ նրանց
Գիշերը արթուն արարել, ստեղծել,
Եվ հետո հանձնել ականջին մարդկանց,
Ու հետո նրանց սիրտը նվաճել։

Ախ հին գրքերն այդ՝ հոգուս հարազատ,
Կարծես դարձրել են տուժողը իրենց,
Ասես նրանցո՛վ սիրտս հուսահատ,
Սիրելու մասին հավիտյան լռեց։

loading...


Կարդալով նախորդ դարի գրքերը,
Գալիս է զգացում, որ հերոսն եմ ես,
Այն հերոսը, որ կամ սիրուց մեռավ,
Կամ ձեռքի սրով սերը ապրեցրեց։

Գալիս է զգացում որ Մախլուտոն եմ,
Ով ոտքի ելավ կանչով ռանչպարի,
Կամ քաջ ֆիդայի Արծիվ Պետոն եմ,
Նայում եմ քարոտ իմ ճանապարհին։

Նայում եմ քարոտ իմ ճանապարհին,
Որ գրքից գիրք է ինձ տեղափոխում,
Բայց անցած դարի հին գրքերի մեջ,
Ես նորովի եմ իմ հինը գրում։

Կարդալով նախորդ դարի գրքերը,
Գալիս է զգացում, որ ես եմ գրել,
Որ ես եմ նրանց ստեղծողն ու  տերը,
Որ նրանց ձայնից իմ վիզն են կտրել։

2017/07/10

Վալս




Ինչ որ հին ձայն եմ լսում,
Այս ջութակի նոտաներում,
Որը հին է տարիքիցս,
Բայց հասակակից է թվում։

Կարծես իր հետ եմ ծնվել,
Մանկուց իր հետ եմ ապրում,
Ասես․ երաժիշտը ինձ հետ
Հիմա այդ երգն է արարում։

Ի՞նչ է ասում ջութակն այս՝
Նուրբ ձեռքերում նվագողի,
Գուցե ափսոսում է ինձ պես,
Կամ շշնջում գաղտնագողի։

Լուսնի ականջին շշնջում,
Լույս է ուզում ավելի,
Որ  երեկոն այս հրաշք
Ավելի երկար տևի։

Հավաքվեն սիրահարները
Ու վալս պարեն անդադար,
Եվ սերը իրենց ապրի
Երաժշտության պես երկար։

Այն երաշտության, որը
Կարծես ես եմ արարել,
Ու երանի տողերս
Իմանային նվագել։

Թեպետ հաճախ նվագում են,
Ու երգում են ինչ որ երգ,
Որը կարծես չեմ լսել,
Որով չեմ ապրել երբեք։

Բայց ինչքան էլ նվագեմ,
Այդ հին երգը չեմ գրի,
Որը իմ ականջի մեջ
Երբեք չպիտի լռի։