2016/10/15

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ


Գնացիր, որ գաս ինձ հյուր հուշերում,
Կամ պատահաբար․․․ (ծրագրավորված)
Այն աշնանային տխուր պուրակում,
Ուր հանդիպել էինք դիտմամբ (անտեղյակ)։

Այս դատարկության լեցունությունից,
Այնպես է հոգնում կարոտող հոգիս,
Ինչպես սիրվածը՝ ատելությունից
Որին սովոր չէ ու չի հանդիպել,
Բայց դե ինչ անի, կյանքն է ստիպել,
Որ նրան ատեն իսկ սովորաբար
Ատում են նրան ով շատ սիրված է։
(Հենց չսիրվելու նախանձով տարված
Մարդիկ են միայն շատ սիրելիին
 Դարձնում ատելի



Իսկ ատելության թույնը ցանողը
Դառնում է այնպես բարի սիրելի։)
Ու ինձ թվում է դատարկությունը,
Այս մեծ կարոտը, այս մենությունը
Ինձ բերելու են թանկագին պարգև`
Ես ատելու եմ (խանդով արդարև)։
Ու ես գտել եմ, թե ինչպես պետք է
Հասնել մարդկային կատարելության
Պետք է ամեն բան իր տեղում լինի
Դատարկությունը թող լինի դատարկ,
Եվ լեցուն լինի լեցունությունը։


( Սա թեորեմ չէ այլ պարզ գաղափար,
Եվ այսուհանդերձ և հետևաբար,
Թող պարզությունը խորին չլինի,
Բարդությունն էլ՝ ոչ մակերեսային։)

Բայց դե լեցուն է դատարկությունս,
Լեցունությունն էլ՝ (իմ) այնքան դատարկ։










0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը