2016/11/16

ԼԻԼԻԹԻՆ (պոեմ)




Ահա և պատրաստ է <<ԼԻԼԻԹԻՆ>> պոեմը կարող եք այն ընթերցել ստորև գրքի տեսքով։ Այն գրված է հրեական նույնանուն առասպելի հիման վրա, պոեմը պատմողական պոեմ չէ, և չի ներկայացվում այնտեղ պատմություն, այն պարզապես ներկայացնում է Լիլիթի խոհերը, և այնտեղ ես փորձ եմ անում հասկանալ հերոսի հոգեբանությունը։








ԼԻԼԻԹԻՆ
(ՊՈԵՄ)



ՆԱԽԱԲԱՆ

Ասում են․ դու Ադամի առաջին սերն ես եղել։
Ասում են․ նրանով տարված այն ոսկեհերն ես եղել։
Ասում են, որ քո սերը ծախել ես սատանային,
Քանզի նա քեզ կհասցներ քո պահանջկոտ երազներին։

Ասում են, թե չար ես եղել, կամ չես էլ եղել բնավ,
Ասում են. քեզանից հետո, Ադամը Եվային գտավ,
Բայց  անգամ ,երբ Եվային փայփայում էր իր գրկում,
Նրա հոգում մի հրեղեն աղջիկ, իրեն էր կանչում։

ՏԵՍԱ ՔԵԶ

Անծայր անծիր դաշտերում,
Անտառներում լայներես,
Մի աղջնակ էր երևում,
Ու կարծես թե տեսա քեզ։

Քայլում էիր՝ մտածկոտ
Կերպարանքով քո հրկեզ,
Որպես խոհուն մի աղջիկ․
Մտածելուց տեսա քեզ։

Ի՞նչ էիր խոհում  չգիտեմ,
Բայց լավ հասկանում եմ քեզ,
Մեղքի ցավը զգալով
Արտասվելուց  տեսա քեզ։

Ուր գնում էիր՝ կրակ էր,
Այրում էիր կերպարով հեզ,
Տեղով կրակ, բայց խոնարհ,
Ծնկի եկած տեսա քեզ։

Քեզ գիտեի․ դավաճան՝
Նախանախահարալեզ,
Բայց որպես փխրուն էակ՝
Սիրահարված տեսա քեզ։

ԴՈՒ

Ասում են․ Ադամին այրել,
 Եվ կրակն այլոց ես տվել,
Բայց ես քո չարության դիմաց,
Չարությունից էլ առավել,
Քեզ պես հրեղեն աղջնակին
Իմ ջերմ տողերն եմ ընծայել։

Ասում են․ սերդ՝ կործանիչ,
Աշխարհին վտանգավոր է,
Բայց վստահ եմ․ քո կերպարը
Ներկայում մեզ հարկավոր է։

Դու՛ զգացիր սերն առաջին,
Անգամ՝ սատանային ուղղված,
Բայց սերը  միշտ սեր է մնում,
Սիրող(ը՛)ն էլ՝ սիրահարված։
Եվ ինչ տվեց քեզ աշխարհը
Քո հրեղեն սիրո դիմաց։
Տվեց սպասում՝ կարոտողի
Տվեց արցունք ու տվեց լաց։

ԱՌԱՎՈՏՅԱՆ

Ծառերը իրենց տեղում են,
Անձրևները դեռ տեղում են,
Արևը բացվեց (ինչպես միշտ)
Բերելով Լիլիթին մեծ վիշտ:

Մի տխուր հայացք էր դեմքին,
Ու հակառակ նրա կամքին
Հոսում էր գետը եդեմի
Ու վարար էր լուսադեմին:

Բայց նա հուր էր տեղով մեկ,
Շուրջը կրակ էր վառել,
Ու ոչ մի ջուր երկրային
Չէր կարող նրան մարել:

Քայլում էր ինքն իրենից
(Կարծես թե) հիասթափված
Ետ էր նայում իր ճամփից`
Ետևում դաշտն էր այրված:

Ու ինքը իրեն (կարծես)
Կատաղած անիծում էր,
Բայց և Եվային (մտքում)
Մի քիչ էլ նախանձում էր

Նա էլ էր կին, ու թեպետ
Հուր ու կրակ չէր բնավ,
Ամեն դեպքում Ադամը
Իր հետ մի նոր կյանք գտավ:

Իսկ ո՞ւմ գտնի Լիլիթը,
Նա մենակ է թափառում,
Այս թեպետ առավոտվա,
Բայց և մթին անտառում:


ՄՏՔՈՒՄ

Ինչ դաժան է աշխարհն այս,
Թափառումի պահերին,
Երբ չկա գտնելու հույս,
Ու չկա վերջ ահերին։

Երբ գիտես, որ գնում ես,
Բայց թե ո՞ւր՝ ո՞վ իմանա,
Տեսնես իմ այս կրակից
Մի կայծ անգամ կմնա՞։

Մահկանացու են մարդիկ,
Իսկ ես անգամ չգիտեմ,
Կրակս մարելով  նույնիսկ,
Արդյոք սերս կգտնեմ։

Ինչ դաժան է աշխարհն այս
Հեռացումի պահերին,
Երբ ատողներն են նստում
Սիրող սրտի գահերին։

Երբ ազնվության մասին
Ստախոսներն են խոսում,
Ու նրանց են միմիայն
Գահակալները լսում։

Ու սիրող սիրտը կյանքում,
Թե մեջտեղից էլ կիսվի,
Սիրված լինելը միայն,
Ատողներին կհասնի։

Դարեր կանցնեն իմ դարից,
Իմ դարը փուչ կդառնա,
Նրանից գուցե չնչին,
Մի կարճ առասպել մնա։

Այն էլ մի փոքրիկ բերան
Մեծ պատմողի դարակից,
Որ գրել է դարերի
Պատմությունը դարերից։

Եվ ինձ էլ ով կհիշի,
Ո՞վ կիմանա աշխարհում,
Որ եղել է մի աղջիկ,
Այն էլ չքնաղ դրախտում։

Չէ դարերը թող անցնեն,
Օրը վայրկյան թող դառնա,
Թող ինձանից այս կյանքում,
Ոչ մի հուշ էլ չմնա։

Չի հասկանա ինձ ոչ ոք,
Ես էլ ինձ չեմ հասկանում,
Որ իմ սիրո պատճառով
Մի ողջ աշխարհ եմ այրում։

Չէ դաժան չէ աշխարհն այս,
Մոռացումի պահերին,
Ու կա իմ մեջ չնչին հույս,
Նստած լույսի գահերին։

Գուցե մեկն ինձ հասկանա՝
Մի սիրահարված պոետ,
Որն իր կյանում ուխտել է
Սիրել, սիրել․․․ առհավետ։








0 коммент.:

Отправить комментарий

Գրեք ձեր մեկնաբանությունը